“Չարլին և շոկոլադի գործարանը”, հեղինակ՝ Ռոալդ Դալ

Այսօր կպատմեմ ամառվա ընթացքում իմ կարդացած ամենասիրելի գրքի մասին՝ “Չարլին և շոկոլադի գործարանը”, որը գրել է Ռոալդ Դալը։

Պարոն Ուիլի Ուոնկան ամենաարտասովոր շոկոլադագործն էր աշխարհում։ Նա խոշոր գյուտարար էր և ուներ բոլոր ժամանակների ամենախոշոր և ժամանակակից շոկոլադի գործարանը։ Իսկ Չարլի Բաքեթը գրքի ամենակարևոր հերոսներից մեկն է։ Ուրիշ երեխաների էլ կան գրքում՝ չորս կամակոր և չար երեխաներ․ Ավգուստ Գլուփը մի շատակեր, չաղլիկ և ագահ տղա էր, Վերուկա Սոլթը երեսառած, կամակոր մի աղջիկ էր, Վիոլեթ Բյուրգարտն անդաստիարակ մի աղջիկ էր, ով անընդհատ ծամոն էր ծամում, և Մայք Թիվին հեռուստամոլ մի տղա էր, ով երազում էր ինչ-որ խաղի մեջ հայտնվել։

Չարլի Բաքեթն ապրում էր աղքատ ընտանիքում և չէր կարողանում հաճախ շոկոլադ համտեսել։ Չարլին ապրում էր փոքրիկ մի տնակում՝ ծնողների, երկու պապիկների և երկու տատիկների հետ։ Չարլիի հայրիկին, ով աշխատում էր ատամի մածուկի գործարանում, հեռացնում են աշխատանքից և ընտանիքը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն քաղաքում էր գտնվում Ուիլի Ուանկայի շոկոլադի գործարանը, որտեղ նախկինում աշխատում էր Չարլիի պապիկը՝ Ջո Բակեթը։ Երբ մրցակիցները գողանում են Ուիլի Ուանկայի շոկոլադի պատրաստման գաղտնիքը, նա աշխատանքից հեռացնում է բոլոր աշխատակիցներին։ Դրանից հետո միայն բեռնատարներն էին դուրս գալիս գործարանից, ու խանութներ էին տեղափոխում շոկոլադե սալիկներով արկղերը։

Մի օր Ուիլի Ուանկան հինգ ոսկեգույն տոմս դրեց հինգ շոկոլադե սալիկների մեջ և  մրցույթ հայտարարեց.

“Ես՝ Ուիլի Ուանկաս, որոշել եմ հինգ երեխայի թույլ տալ այս տարի այցելել իմ գործարան։ Նրանք կշրջեն այնտեղ և իրենց աչքերով կտեսնեն իմ բոլոր գաղտնիքները և հրաշքները, իսկ նրանցից մեկը կստանա գաղտնի, գլխավոր մրցանակը”։

Չորս տոմսերը հեշտությամբ գտնվում են վերևվում նշված երեխաների կողմից։ Չարլին երազում էր գտնել վերջին տոմսը, սակայն գիտակցում էր, որ քիչ հնարավորություն ունի այն գտնելու։ Բայց ահա մի օր, նա փողոցում փող գտավ և վազեց մոտակա խանութը շոկոլադե սալիկ գնելու։ Ինչքա՜ն ուրախացավ Չարլին, երբ բացելով սալիկը տեսավ, որ գտել է վերջին տոմսը։

Այցելության ընթացքում Չարլիի մրցակիցները մեկը մյուսի հետևից դուրս են մնում մրցակցությունից։ Առաջինը իր ագահության պատճառով տուժում է Ավգուստ Գլուփը։ Երկրորդը Վիոլեթ Բյուրգարտն էր, ով ծամելով 3 ուտեստներից պատրաստված մաստակը, դառնում է կլոր և կապույտ, ինչպես հապալասը։ Հաջորդը Վերուկա Սոլթն էր. նա ընկնում է աղբատար խողովակի մեջ, երբ փորձում է վերցնել ընկույզների արտադրամասում աշխատող սկյուռիկերից մեկին։ Վերջինը Մայկ Թիվին էր, որի մարմինը հեռուստաշոկոլադային արտադրամասում զգալիորեն փոքրացավ։ Արդյունքում, երեխաներից միայն մնում է Չարլին, ով ի տարբերություն մյուսների, չէր չարաշահում հյուրասիրությունը ու հյուրընկալությունը։ Դրա համար պարոն Ուոնկան նրան հաղթող է հայտարարում և որպես նվեր նրան է թողնում  իր շոկոլադի գործարանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով