Տեղեկատվություն Մեծեփ սարի մասին

Մեծեփ սարը հարուստ է պատմական հուշարձաններով։ Այն Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած բարձունք է, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ բեկորներով։ Բարձրունքի վրա կա ավերակ մատուռ՝  նույն անունով։ Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են Մեծեփ կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։