Ղ․ Աղայանի «Ծառերի գանգատը» և «Երկու այծ» ստեղծագործությունները

Ղ․ Աղայանի «Ծառերի գանգատը»,

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Այս առակը սովորեցնում է մեզ, որ պետք է ոչ միայն օգտագործել բնության բարիքները այլ նաև խնայեմ և հոգ տանել դրանց մասին։

 

Ղ․ Աղայանի «Երկու այծ»,

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա: Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Այս առակը սովորեցնում է մեզ, որ պետք չէ կռվել այլ պետք է իրար մասին հոգ տանել։