Երևանի պատմության թանգարանի մասին

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս  պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների  հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։ Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ,  Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝  ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛  առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և  2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ  Ջիմ Թորոսյանը։ Ահա՛ հենց այստեղ էլ 2007 թ. ապրիլի 3-ին հանդիսավոր պայմաններում բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը։ Այդ ժամանակվանից սկսած թանգարանը ծավալում է ակտիվ հավաքչական աշխատանք, որի արդյունքում այսօր ցուցանմուշների թիվը  հատել է է 98 000-ի սահմանը։

Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ծանոթությունը  հենց այստեղից էլ սկսվում է։  Երեք մեծ սրահներում  հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։  Այստեղ դուք կտեսնեք հազարամյակներով թվագրվող աշխատանքային գործիքներ, խեցեղեն անոթներ, զենքեր ու զարդեր, որոնք հիացնում են  կատարման նրբությամբ ու կատարելությամբ։ Ցուցադրվում են նաև քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերվող բացառիկ փաստաթղթեր ու լուսանկարներ, 19 -րդ դարին բնորոշ կենցաղային իրեր, տարազ, գորգեր, մակետներ և այլն։ Գիտա-ցուցադրական սրահներն ունեն հետևյալ բաժինները՝ «Երևանը հնագույն ժամանակներում և միջնադարում»«Երևանը նոր և նորագույն պատմության ժամանակաշրջաններում»։

Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնք ստեղծման պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Թանգարանը կրթական ծրագրերի շրջանակներում ավանդական էքսկուրսիաների հետ մեկտեղ տարբեր տարիքի երեխաներին առաջարկում է հետաքրքրաշարժ, ճանաչողական խաղ-էքսկուրսիաներ, որոնց կարգախոսն է՝  սովորեցնել ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով, քանի որ երեխայի աշխարհը սերտորեն կապված է խաղի հետ։ Փորձը ցույց է տվել, որ ուսանելու այս մեթոդն առավել ճիշտ է` նպատակին հասնելու համար։ Բոլոր խաղ-էքսկուրսիաների ավարտին մասնակիցներին խրախուսելու նպատակով թանգարանի կողմից տրվում են շնորհակալագրեր, ինչով էլ ընդգծվում  է միջոցառման կարևորությունը։

Թանգարանում արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել էքսկուրսիաներն ավարտել երդման արարողությամբ։ Քաղաքի խորհրդանիշներին (դրոշ, զինանշան, օրհներգ) ծանոթանալուց հետո երեխաները երդվում են սիրել, պահպանել ու շենացնել համայն հայության մայրաքաղաք Երևանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով