Իմ ամառային ճամփորդությունները

Ես ամառ շատ եմ սիրում, քանի որ կարող եմ ճամփորդել տարբեր վայրեր և հիասքանչ տպավորություններ ստանալ։ Այս ամառվա ընթացքում հասցրել ենք երկու ճամփորդություն կատարել դեպի Լոռի և Սյունիք։ Օգոստոսի 19-ին ճամփորդել ենք դեպի լոռու մարզի Գյուլագարակ գյուղը։ Ճանապարհին ես հիացմունքով հետևում էի գեղեցիկ բնապատկերներին և լանդշաֆտի փոփոխություններին։ Ճանապարհին կարելի էր տեսնել, թե ինչպես է կանաչ խոտածածկ տարածքները փոխարինվում արևից խանձված դեղնադարչնագույն տափաստաններով։ Գյուլագարակ հասնելու ճանապարհին անցել ենք Աշտարակ, Սպիտակ Ստեփանավան քաղաքներով և Արտաշավան, Ափնագյուղ, Շենավան, Քուչակ, Ռյա Թազա (եզդիների գյուղ), Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Ջրաշեն, Դարպաս, Բազում, Ազնվաձոր, Գարգառ գյուղերով։ Այս ճամփորդությունը հետաքրքիր էր նաև այն պատճառով, որ ճամփորդում էր իմ զարմուհիների՝ Մարիի, Նատալիի և Ստեֆիի հետ, որոնք նույնպես Սեբաստացի են։ Երեկոյան հավաքույթների ժամանակ մինչև ուշ գիշեր միասին երգում էինք մեր դպրոցում սովորած հայկական ազգային երգերը, պարում և խաղում էինք։ Լոռու մարզում այցելել ենք Սանահինի (10-րդ դար) և Հաղպատի (12-րդ դար) վանական համալիրները, որոնք շատ մեծ տպավորություն թողեցին իրենց յուրահատուկ կառուցվածքով և տեղակայված բարձրադիր դիրքով։ Հաղպատի վանական համալիրը գտնվում էր մի բարձունքի վրա, որտեղից շատ գեղեցիկ պատկեր էր բացվում դեպի խորը կիրճեր և ձորեր։ Սանահինի վանական համալիրը նույնպես շատ գեղեցիկ և յուրահատուկ տեսք ուներ և իր արտաքին կառուցվածքով նման էր Հաղպատի վանական համալիրին։ Այցելել ենք նաև Դենդրոպարկ։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։ Այստեղ կային շատ հետաքրքիր ծառատեսակներ, բերված աշխարհի տարբեր վայրերից, ինչպես օրինակ հսկայական կալիֆորնիական սեքվոյաները, որոնք պարսպված էին պաշտպանության համար։ Ըստ բուսաբանների՝ այդ սեքվոյաները դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում և դրանց բներն իրար են միաձուլվելու։ Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Սյունիքի մարզում ճամփորդել ենք մայրիկիս ծննդավայր Կապան քաղաք, որտեղ ապրում է իմ պապիկը, ում շատ էի կարոտել և գնացել էի այցելության։ Կապան ճամփորդելու ճանապարհին անցել ենք Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերով։ Ճանապարհին անցել ենք Արտաշատ, Արարատ, Վեդի, Եղեգնաձոր, Վայք, Սիսիան, Տաթև քաղաքների կողքով և Մարմարաշեն, Ջրահովիտ, Դիմիտրով, Ազատավան, Բերքանուշ, Շահումյան, Ոսկետափ, Վանաշեն, Դաշտաքար, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ, Ուրցալանջ, Արենի, Արփի,  Ագարակաձոր, Մալիշկա, Սարավան, Ուղեձոր, Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շիննուհայր, Հալիձոր, Աղվանի, Տանձավեր, Վերինա Խոտանա, Շրվանենց, Նորաշենիկ գյուղերի կողքով։ Ճանապարհին տեսանք «Տաթևի թևեր» («Տաթևեր») ճոպանուղին, որը պլանավորել ենք այցելել հաջորդ տարի։ «Տաթևի թևեր» («Տաթևեր») ճոպանուղին Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի է, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի (օդուղու երկարությունը՝ 5752 մ)։ Կապանում նույնպես շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք։ Երեկոյան այցելում էինք քաղաքի կենտրոնում գտնվող երգող շատրվանները, որտեղ շատ հով էր և աշխույժ։ Այնտեղ շատ համեղ ադիբուդի, քաղցր բամբակ և պաղպաղակ համտեսեցինք։ Հյուրընկալվեցինք մեր բարեկամներին և այցելեցինք սահմանամեձ Դավիթ Բեկ գյուղը, որտեղ բնակվում են պապիկիս հորաքույրը իր հարազատների հետ։ Պապիկիս հորաքույրը, չնայած իր տարիքին (95 տարեկանն անց 🙂 🙂 🙂 շատ աշխույժ և առույգ տեսք ուներ։ Նա մեզ շատ համեղ պնդուկ, ընկույզ, քաղցր խնձոր, տանձ, և ձմերուկ հյուրասիրեց։

Ֆոտոշարք

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով