Ալբերտ Մորավիա․ Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ* անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ* աչքերով վայելում էր ցուրտը:

Continue reading »

Հովհաննես Թումանյան․ Չարի վերջը


Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք,
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,

Continue reading »

Հովհաննես Թումանյան․ ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Continue reading »

Հովհաննես Թումանյան. Խոսող ձուկը

 

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Continue reading »

Հովհաննես Թումանյան․ Ձախորդ Փանոսը  

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։ Continue reading »

Հ․Թումանյան․ Շունն ու Կատուն

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

ոն – մորթուց, կաշվից հագուստ կարող
որդիանց որդի – որտեղից որտեղ
ճանկել – թռցնել, ձեռք գցել
ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը
կուշտը – մոտ
քուրք – մուշտակ
կուճի –  գլուխ
հրես – ահա, հիմա
մուշտարի – հաճախորդ
վախտին – ժամանակին
ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի
դիպան իրար – կռվեցին, վիճեցին
դիվանբաշի – դատավոր
կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ
մթամ – իբր

  1. Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Կատուն խորամանկ ու սուտասան էր։

Ես այդպես եմ կարծում, քանի որ կատուն շանը խաբեց, մորթին վերցրեց և այդպես էլ շան համար գլխարկ չկարեց։

  1. Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Շունը միամիտ ու դյուրահավատ էր։ Նա նաև շատ մրսկան էր։

Ես այդպես եմ կարծում, որովհետև կատուն ամեն անգամ իրեն խաբում էր, իսկ նա հավատում և հեռանում էր։

  1. Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:

Ես հավատացի կատվի խոստումներին, որ ինձ համար գլխարկ կկարի, բայց նա անամոթաբար խաբեց ինձ և այդպես էլ իմ տված մորթուց գլխարկ չկարեց։ Այդ պատճառով ես նրանից պահանջում եմ, որ նա հետ վերադարձնի իմ մորթին կամ էլ անմիջապես ինձ համար գլխարկ կարի։

  1. Կատվի անունից արդարացի՛ր:

Ես ցանկանում էի նրա համար մորթուց գլխարկ կարել, ես մտադիր չէի խաբել նրան և նույնիսկ գլխանց փող չեմ վերցրել գլխարկը կարելու համար, բայց  նա անընդհատ գալիս ու հիշեցնում էր ինձ գլխարկի մասին և խանգարում էր։ Իսկ գիտեք գլխարկ կարելը հեշտ գործ չէ։

  1. «Շունն ու կատուն» պատմի՛ր մորթու անունից:

Մի օր ես ինչ-որ անհայտ ձևով հայտնվեցի շան մոտ, ու նա որոշեց ինձնից իր համար ձմեռային տաք գլխարկ կարել տա կատվի մոտ։ Կատուն ինձ վրա ջուր ցանեց, որ փափկեմ ու գլխարկացու դառնամ։ Մի քանի օր հետո ինձնից գլխարկ պատրաստեցին, բայց չեք պատկերացնի իմ զարմանքը, երբ ես ոչ թե շան, այլ կատվի գլխին հայտնվեցի։ Եվ այդպես ես դարձա կատվի և շան մշտական թշնամանքի պատճառը։

Հովհաննես Թումանյան․ Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում, մինը՝ խելոք, մյուսը՝ հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝ — Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։ — Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։ Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։ Ձմեովա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ, իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։ Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում է ծախելու։ — Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։ Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ… – ավերակը արձագանքը կրկնում է. — Հե՜յ: Հիմարը կանգնում է։ — Ինձ հետ ես խոսո՞ւմ, հա՜… Ավերակը ձայն է տալիս. — Հա՜… — Մոզին ուզում ե՞ս։ — Ե՜ս… — Քանի՞ մանեթ կտաս։ — Տա՜ս… — Հիմի կտա՞ս, թե չէ։ — Չէ՜… — Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։ — Արի՜… Հիմարը համաձայնում է ու, մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։ Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի ասի՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես կերել, հա՜։ — Հա՜… — Չաղ է՞ր, թե չէ։ — Չէ՜։ Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։ — Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բե՛ր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜… — Սկի՜ … Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափվում է հանկարծ, առաջը լցվում։ — Ա՛յ էդպե՜ս… բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք… Մի ոսկի է վերցնում, գալի տուն։ — Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։ — Ծախեցի։ — Ո՞ւմ։ — Ավերակին։ — Հետո՛, փող տվա՞վ։ — Իհարկե՛ տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։ Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։ — Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։ — է´հ, ցույց չեմ տա, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։ Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։ — Բե՛ր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։ Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։ Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։ — Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի…

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը.— էս հիմարը որտեղի՞ց եկավ, ո՜նց թե մոզին ավերակին ծախեցի…— վրեն ծիծաղում է ու դուրս անում։ Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։ Ու ասում են՝ մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալիս, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

բանեցնել – այստեղ՝ աշխատեցնել, ջոկ –առանձին, ապրանք – այստեղ՝ ընտանի կենդանի (անասուն), ավերակ –այստեղ՝ փլատակ, ավերված, ամայացած շինություն, խարխուլ – քանդվելու աստիճանի հասած, աչքածակ –ագահ, գանգատվել – բողոքել, դժգոհել

  1. Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին և բառակապակցություններին իմաստով մոտ բառեր:

Խելոք եղբայրը միշտ աշխատեցնում է (չարչարում, բանեցնում է) հիմարին:

Փոքր եղբայրը գնաց ջոկ ապրելու (մենակ ապրելու, առանձին ապրելու)։

Մոզին մի ոսկով վաճառեց մի ավերված շինության (մի ավերակի):

Ագահ (աչքածակ) եղբայրը ոսկին խլեց հիմարի ձեռքից:

  1. Փորձի՛ր արդարացնել այս հեքիաթի մեծ եղբորը:

Մեծ եղբայրը, որին չնայած Հ․Թումանյանը <<Խելոք>> է անվանում, արդարացում չունի, այդ պատճառով ես ցանկություն չունեմ նրան կամ նրա գործողությունները արդարացնելու։

  1. Հիմա էլ փորձի՛ր արդարացնել փոքր եղբորը:

Փոքր եղբայրը, թեև անխելք էր, բայց նա ոչ մեկին վնաս չէր տալիս, ոչ մեկին չէր խաբում՝ ի տարբերություն իր մեծ եղբորը, միամիտ էր ու շատ հեշտ էր նրան խաբելը։

  1. Փոքր եղբոր անունից դիմիր մեծ եղբորը: Խորհուրդ տուր մեծ եղբորը:

Ախր մենք եղբայրներ ենք, հարազատ մարդիկ ենք, չպետք է իրար խաբենք, վատություն անենք, այլ ընդհակառակը պետք է իրար օգնենք։

Ձյուն․ Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

 

  1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն

  1. Ի՞նչն էր ծաղիկների անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն էր։

  1. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ

  1. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ինչն է, ինչը․․․

Ձմռանը թափվում է,

Թիթեռի պես թռչում է,

Գարնանը հալչում է։

  1. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը առաջանում է ջրի մանր կաթիլներից և փաթիլներով թափվում է ցած։ Գետնի վրա առաջանում է ձյան շերտ։ Ձյունը փափուկ է, բայց շատ սառն է։ Տաքությունից այն հալչում է։

6.  Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ծաղիկները շատ գեղեկիկ են։ Ծաղիկը կազմված է արմատից, ցողունից, տերևներից և ծաղկաբաժակից։ Ծաղիկների տերևները և թերթիկները տարբերի ձևերի և գույների են լինում։ Ծաղիկներից հատկապես սիրում եմ վարդ, արևածաղիկ, կակաչ և յասաման։

 7. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

«Առաջին ձյուն» կամ «Ձյան փաթիլները»

 

Առասպել Արևի ու Լուսնի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, ինձ համար մի թիկնոց կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց: Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն թիկնոց կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց թիկնոցը հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած թիկնոցը բոլորովին վրան չի լինում: Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար թիկնոց կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

 

  1. Բառարանի օգնությամբ դուրս գրի՛ր անհասկանալի բառերն ու բացատրի՛ր:

Կոկիկ – ճաշակով, խնամքով կարված

Հանդերձ – Հագուստ, զգեստ

Դերձակ — Կարուձև անող արհեստավոր

  1. Ինչո՞ւ Լուսին եղբոր հագով Արև քույրիկը չէր կարողանում հագուստ կարել: Փորձի՛ր բացատրել:

Արև քույրիկը չէր կարողանում Լուսին եղբոր հագով շոր կարել, որովհետև նրա չափսերն անընդհատ փոխվում էին։

  1. Քո կարծիքով ինչո՞ւ է այս պատմությունը կոչվում առասպել: Ի՞նչ է առասպելը:

Այս պատմությունը կոչվում է առասպել, որովհետև այն փորձում է բացատրություն տալ, թե ինչու է լուսինը տարբեր օրերին տարբեր չափեսեր ունենում։

Առասպելը հին ժողովրդական զրույց է աստվածների ու դիցաբանական հերոսների և աշխարհի ու կյանքի ծագման մասին: