Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները: Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

 

Հարցեր և առաջադրանքներ.

1․ Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:
Հայոց տերությանը  միացվեցին մինչև Ասորիքի նվաճումը, Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

 

2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
Ք. ա. 84 թ. Սլևեկյան պետությունը Հայաստանի Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո որոշեց իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց և այդպես Ք․ ա․ 84 թ․ մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

 

3. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանը ընդհունեցին Տիգրան Մեծի գերիշխանությունը Ք. ա. 72 թ․:

 

4. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Եգիպտոսը Հայոց տերության և Տիգրան մեծի բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին: Այդ պատճառով Եգիպտոսը շատ մոտիկ էր Տիգրան մեծի հետ։