Հազարան հավք 1-ին, 2-րդ հատվածները

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։ Էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։ Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ Ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի։ Այգիի մի ասա, մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

Պառավի որդու մահը

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:

— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես, — թախանձում է մորը: Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:

Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա: Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ

1. Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
Սիրտը ուզել — ինչ որ մի բան շատ ուզել,

սիրտը չհովանալ — չկշտանալ։

 

2. Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։
Սիրտը վառել, սիրտը բացել, սիրտ տալ, սիրտ առնել, սիրտ անել, սիրտը բարակ, քար սիրտ, բարեսիրտ և սիրտը լայն պահել։ 

 

5. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:
Այգեպանները իմ կարծիքով շատ ՝անսիրտ էին պառավի հանդեպ և շատ կոպիտ, անքաղաքավարի, անգութ, տմարդի և ամբարտավան էին։

 

6. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս։
Պատմությունը իմ մոտ առաջացրեց զայրույթ և ջղայնություն առաջացրեց։ Այն պատճառով, որ անգութ այգեպաները անխղճորեն մերջեցին ծեր պառավի և նրա հիվանդ որդու խնդրանքը 

Պապն ու թոռը: Ստեփան Զորյան

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։ Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր է ր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապիի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։

Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապիին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապիի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։

Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան… Քանի օր էր պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։ Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…

Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։

— Կիրակի էր տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։

— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։

— Շորերս, — ասաց պապը դողալով։

Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։

Այդ օրը պապիի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։

Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։

Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…

Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։ Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։

Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։

— Աստղիկ։

— Ի՞նչ է, պապի։

— Ինձ տար բաղը։

— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, — տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։

— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…

Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։

— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։

— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։

— Այո, պապի, շա՜տ…

— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։

Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։

— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…

— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։

Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.

— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։

— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։

— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։

Աստղիկն ուրախացավ.

— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…

Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։

Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։ Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։բԲավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։

— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…

Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.

— Անտառը մոտիկ է, հա՞…

— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես, որ…

Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։ Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։

Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։

Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։

Ի՜նչ լավ է խշշում անտառը…

Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…

Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…

Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…

«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։

Բայց պապը նրան չպատասխանեց։

Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,

— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…

Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…

Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…

Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։

Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…

«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…» ։

Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…

Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…

— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

 

Առաջադրաքներ՝

1. Կարդա՛ Ստեփան Զորյանի  «Պապն ու թոռը» պատմվածքը և գրի՛ր, թե կարդալիս ի՞նչ զգացողություններ առաջացրեց այն։
Այս պատմվածքը իմ մոտ առաջացրեց շատ տխուր զգացմունքներ, որովհետև Եփրեմ պապին չէր կարողանում տեսնել, աննընդհատ հիվանդանում էր և համարյա ամբողջ օրը պարկած էր իր սենյակում՝ չորսը պատերում բանտարկված, և կարողանում էր դուրս գալ միայն այն իր թոռնուհոու ուղեկցությամբ։ Եվ իմ համար ամենահուզիչ մասը այս պատմվածքում վերջն էր, քանի որ Աստղիկը չէր հասկանում, որ իր պապիկը մահացել էր և անհանգստանում էր նրա մասին։

2. Անծանոթ բառերը բացատրի’ր։

Շորվա — մսով, յուղով կամ ձեթով ու ձավարով կամ բրնձով ապուր,

կապան — թևին կապելու ժապավեն կամ երիզ,

չուխա — բրդյա գործվածք, երկար վերարկու գործված բրդից,

ոտնամաններ — ոտքի վրա հագնվող հագնելիքների ընդհանուր անվանում,

խուփ — փակ, փակած,

լաս — արտում հնձված խոտի փռված շերտ,

բաղ — այգի, պարտեզ,

ժաժ — շարժում,

ման ածել — զբոսնել, քայլել։

3. Բնութագրի’ր Աստղիկին` գրածդ հիմնավորելով պատմվածքից դուրս բերված հատվածներով։

Աստղիկը բարեսիրտ էր հոգատար, անհգստացող և մանկամիտ։ Նա շատ էր սիրում իր պապիկին և աննըդհատ նրան օգնում էր։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։

Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապիին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապիի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…

Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…

— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…