Ճանապարհորդուհի Միրանդան. Դոնալդ Բիսեթ

Եղել է, չի եղել, Աֆրիկայում մի բադ է եղել։ Ճիշտը որ ասենք, նա անգլիական բադ էր, քանի որ ծնվել էր Անգլիայում ու անունն էլ Միրանդա էր։
Նա վաղուց էր երազում հայրենիք վերադառնալ, որովհետև շատ էր ուզում խաղալ անգլիացի տղաների ու աղջիկների հետ։
Ուստի նա հրաժեշտ տվեց իր բարեկամներին, թեև շատ ծանր էր այդ բաժանումը։ Հրաժեշտ տվեց առյուծներին, վագրերին, կապիկներին, միայն թե՝ ոչ կոկորդիլոսներին։ Նա կոկորդիլոսներին հանդուրժել չէր կարողանում։
Եվ համարձակ ճամփա ելավ։
Երկար, շատ երկար նա թռչում էր ջունգլիների վրայով, իսկ հետո երևաց ծովը։
Միրանդան թռավ հասավ Իտալիա։ Ծովափին շատ երեխաներ կային։ Նրանք խաղում էին ավազով, իսկ քիչ հեռու նստած ծնողները ոչինչ չէին անում։ «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։


Հետո նա թռավ սարերի վրայով ու պարզ է, որ ստիպված դեպի վեր ու ավելի վեր էր բարձրանում։ Իսկ ավելի վերևում ցուրտ էր ու ձյուն էր տեղում։
Հանկարծ նա լսեց, որ մեկը երգում է։ Ձայնը լսվում էր մոտիկից ու ավելի մոտիկից։ Նրան թվաց, թե երգում են ֆրանսիական «Սյուր֊լյո֊փոն դʼԱ֊վին֊յոնը», որ նշանակում է «Ավինյոնի կամրջի վրա»։
Եվ իրոք, քիչ անց, մառախուղի միջով սուրաց ֆրանսիացի ծիծեռնակների երամը, որը թռչում էր դեպի հարավ՝ Իտալիա։ Միրանդայի մոտով անցնելիս, նրանք թևերը թափահարելով, ջերմորեն ողջունեցին։ Եվ Միրանդան էլ նրանց պատասխանեց՝ իր թևերը թափահարելով։
Նա շատ էր հոգնել և ուտել էր ուզում։ Ձյունը ավելի սաստիկ էր տեղում, և ոչինչ տեսանելի չէր։ Ականջների մոտ սուլում էր քամին, ձյունը կուրացնում էր աչքերը, թռչելն ավելի ու ավելի էր դժվարանում։ Բայց Միրանդան մտածում էր լոկ այն մասին, թե որքան լավ է ամառը անգլիական ճահիճներում, ու շուտափույթ հանդիպում էր երազում անգլիացի երեխաների հետ։ Նրա կտուցն ուղղված էր Լոնդոնի կողմը։
Այդպես նա թռչում էր շատ երկար ժամանակ։ Քամին հանդարտվեց աստիճանաբար, ձյունն էլ դադարեց տեղալուց։ Եվ իր գլխավերևում Միրանդան աստղեր տեսավ, իսկ ցածում՝ մեծ քաղաքի թարթող լույսերը։
Դա Լոնդոնն էր։
Միրանդան վայրէջք կատարեց քաղաքի լճակի վրա։
Լճակի կենտրոնում մի կղզյակ կար, իսկ կղզյակի վրա՝ ազատ մի բույն ասես միտումնավոր նախապատրաստել էին հենց Միրանդայի համար։ Միրանդան շատ ուրախացավ։
Նախաճաշեց ճահճային խոտերով, հետո նստեց բնում ու արդեն սկսել էր ննջել, երբ հանկարծ լսեց մի ձայն
Միրանդա՜Միրանդա՜
Այստեղ եմ,— պատասխանեց Միրանդան։
Նա ելավ բնից ու լողաց դեպի լճափ։ Այստեղ նա տեսավ փոստատար տղային։
Հեռագիր ունես,— ասաց տղան։Խնդրում եմ, ստորագրիր, որ ստացել ես։
Միրանդան ստորագրեց։ Հետո հեռագիրը կտուցին, լողաց դեպի ետ, դեպի իր բույնը։
Նա հուզմունքով բացեց հեռագիրը։ Պարզվեց, որ հեռագիրն ուղարկել են աֆրիկացի տղաներն ու աղջիկները։ Ահավասիկ, թե ինչ էին նրանք գրել

Միրանդա, Միրանդա, բարևում ենք քեզ։
Մաղթում ենք շոգ ամառ։ Դու քեզ լավ նայիր։
Մենք քեզ սիրում ենք։ Շուտ պատասխանիր։
Դիմացի փողոցի տներում մարեցին լույսերը։ Միրանդան լսեց, թե ինչպես են մարդիկ իրար բարի գիշեր մաղթում։ Հետո շուրջը լռություն տիրեց։ Միրանդան հեռագիրը թաքցրեց մի թևի տակ, գլուխը՝ մյուս թևի և խորը քուն մտավ։

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

հրաժեշտ տալ — բաժանվել, հեռանալ, որևէ տեղից հեռանալ

հանդուրժել — դիմանալ, տոկալ, համբերել

ահավասիկ- այս, այդ, այն, ահա, այստեղ, այդտեղ, այնտեղ, հրեն

ննջել – թեթևակի քնել, կիսաքնելու նման թմրության մեջ ընկնել

  1. Ի՞նչ գիտես բադերի մասին: Պատմի՛ր:

Բադերը չվող թռչուններ են: Հայտնի է նրանց մի քանի ցեղատեսակ (օրինակ՝ մրտիմներ, սուզաբադեր, կարապներ, մշկաբադեր և այլն), որոնցում ընդգրկված է մոտ 147 տեսակ: Բադերը տարածված են ամենուր, բացառությամբ Անտարկտիդայի: Մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերը փոքրամարմին են (կենդանի քաշը՝ 0,3–5 կգ), ունեն կարճ պարանոց: Արուն և էգը տարբերվում են փետուրների գուներանգով, արձակած ձայնով: Տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն: Ոտքերը կարճ են՝ ծածկված թեփուկներով: Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ (օրինակ՝ մշկաբադը և գունագեղ մանդարինը)՝ ծառերի փչակներում, թփերի վրա, դնում են 5–12 ձու, թուխս նստում գարնան վերջին և ամռան սկզբին: Բադերն ամենակեր են. սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը: 

3. Պատմի՛ր Միրանդա բադի մասին:

Միրանդա բադը անգլիական բադ էր, սակայն ապրում էր Աֆրիկայում։ Նա ծնվել էր Անգլիայում և շատ էր երազում հայրենիք վերադառնալու մասին։ Միրանդա բադը շատ նպատակասլաց էր, և չնայած ճանապարհին հանդիպած դժվարություններին նրան հաջողվեց հասնել Լոնդոն։

4. Քո կարծիքով ի՞նչ է հրաժեշտը:

Հրաժեշտ տալ նշանակում է ժամանակավոր բաժանվել քո սիրելի կամ հարազատ մարդկանցից։

5. Թվարկի՛ր, թե Միրանդան Աֆրիկայից մինչև Լոնդոն ճամփորդելիս ի՞նչ տեղերով է անցել: Փորձի՛ր կազմել Միրանդա բադի ճամփորդական քարտեզը:

Աֆրիկայից մինչև Լոնդոն ճամփորդելիս Միրանդա բադը անցավ ջունգլիների վրայով, հետո ծովի վրայով անցավ հասնելով Իտալիա, հետո այստեղից էլ Միրանդա բադը սարերի վրայով վեր թռչելով հասավ Ֆրանսիա, այստեղից էլ վերջապես հասավ Լոնդոն։

 

  1. «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։ Ինչո՞ւ Միրանդան այդպես մտածեց, փորձի՛ր բացատրել:
    Միրանդան այդպես մտածեց, որովհետև երեխաները ծովափում զբաղված էին ինչ-որ հետաքրիր գործերով, իսկ մեծերն անօգործ պառկած էին արևի տակ։

 

  1. Միրանդայի անունից պատասխանի՛ր աֆրիկացի երեխաների հեռագրին:

Բարև սիրելի՛ աֆրիկացի երեխաներ,

Շնորհակալություն ձեր ուղարկած նամակի համար, ես նույնպես շատ կարոտում եմ ձեզ։ Այստեղ՝ Լոնդոնում, ես ինձ մի քիչ միայնակ եմ զգում։ Այստեղ Աֆրիկայի նման տաք չէ, այլ բավականին ցուրտ է։ Մոտ ապագայում անպայման կգամ Աֆրիկա ձեզ տեսակցության։

Սիրով՝ Միրանդայից

Հորինի՛ր: Պատմությունդ հրապարակի՛ր բլոգում:

Միրանդա բադի արկածները Լոնդոնում

Մի գեղեցիկ օր, երբ Միրանդան դեռ նոր էր հաստատվել Լոնդոնում, նա Լոնդոնի զբոսայգիներից մեկում հանդիպեց կենդանիների մի անսովոր խմբի հետ։ Խմբի մեջ էր անգլիական աղվեսը, Չեշիրյան կատուն և լուսանը։ Նա սկզբից չհասկացավ, որ այդ խումբը չար նպատակներ ունի իր հետ կապված։ Միրանդա բադը մոտեցավ նրանց և ընկերաբար հարցրեց, թե որտեղ կարող է համեղ նախաճաշել։ Բայց ինչքան զարմացավ Միրանդան, երբ անգլիական աղվեսը, Չեշիրյան կատուն և լուսանը հանդարտ քայլերով և խորամանկ ժպտալով մոտեցան Միրանդային և պատրաստվեցին հարձակվել նրա վրա և նրան դարձնել համեղ նախաճաշ իրենց համար։ Բայց այդ պահին զբոսայգու ցանկապատից ցած թռավ մի հսկա գամփռ և իր հզոր ձայնով լեղապատառ արեց Միրանդային շրջապատած գազաններին։ Գամփռը թեև ահասարսուռ տեսք ու ձայն ուներ, բայց, ինչպես հետո պարզվեց, շատ բարի սիրտ ուներ, և նա անմիջապես ընկերացավ Միրանդայի հետ։ Բոլորը հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչպես են հսկա գամփռը և Միրանդան ընկերություն անում իրար հետ, և օգնում միմյանց ցանկացած իրավիճակներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով