Գարնանային ընթերցարան

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն․․․
1908

 

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում․․․Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք․․․

*****
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է,
մի օր տաք,
Մին խնդում է,
մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով