Հովհաննես Թումանյան․ ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

—Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել, — ձեն է տալի անբան Հուռին, — որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…

Զոքանչը թե.

— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Առաջադրանքներ

Հեքիաթից գտիր անծանոթ բառերը և առցանց բառարանի օգնությամբ բացատրիր:

Լիդր – հին ծանրության չափ /մոտ հինգ կիլոգրամ/, օգտագործվում է նաև բուրդը պատրաստել մանելու համար

գլխապատառ – Տագնապահար, լեղապատառ

մուռ – մամուռ

խալիչա – գորգ

թարեք – պատին ամրացրած հորիզոնական տախտակ՝ վրան զանազան իրեր դնելու համար, դարակ:

ընծա — նվեր

  1. Փորձիր բացատրել հետևյալ դարձվածները.

Ձայնը գլուխը գցել — գոռալ, բացականչել

Աչքովն ընկնել — ուշադրություն դարձնել, նկատել

Ականջն ընկնել — իմանալ, լսել ինչ որ բանի մասին

Մատները ոսկի — լավ գործ անող, ամեն ինչ կարողացող

Օրը մինչև իրիկուն — ամբողջ օրը

Ձեռը բան չտալ — գործ չանել, չթողնել գործ անել

  1. Հեքիաթից գտիր Հուռիին բնութագրող բառերը, մի քանիսն էլ դու ավելացրու:

Հուռին մի ծույլ, անշնորհք ու անխելք աղջիկ էր, որի ձեռքով ոչինչ չէր գալիս, սակայն նրա բախտը միշտ բերում էր։

 

  1. Երեք նախադասությամբ պատմիր Հուռիի մոր մասին:

Հուռիի մայրիկը սուտասան ու խորամանկ կին էր։ Նա իր աղջկա գովքն էր անում՝ շատ լավ իմանալով, որ իր Անբան Հուռիի ձեռքով ոչինչ չի գալիս։

  1. Կետադրի՛ր հետևյալ նախադասությունները.

Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։

Վո՜ւյ, — ասում է, — քոռանամ ես, տե՛ս,  համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր հարցական բառերի պատասխանները և լրացրո՛ւ վանդակները.
Ի՞նչ, ինչե՞ր Ո՞վ, ովքե՞ր Ինչպիսի՞ Ինչպե՞ս
Բամբակ Աղջիկը Ծույլ Պարապ-սարապ
Մաստակ Հարևաններ Անշնորհք Գլխապատառ
Կտեր Վաճառական Կեղտոտ Բռռացնելով
Մատներ Զոքանչ Կորիզոտ  
Ոսկի Մարդ Երիտասարդ  
Գորտեր Մորաքույր Հեռու  
Գետ   Կոշտ  
Ձեռք      
Փող      
Ընծա      
Գաղտնիք      
բզեզ      

 

  1. Եթե բզեզը չլիներ, հեքիաթն ինչպե՞ս կավարտվեր: Հորինի՛ր նոր ավարտ հեքիաթի համար:

Եթե չլիներ բզեզը, հեքիաթը կարող էր իմ առաջարկած ձևով ավարտվել․

Անբան Հուռիի մայրիկը հասկանալով, որ եթե փեսան էլի գործի դնի իր անբան Հուռիին, ապա բոլորը վաղ, թե ուշ կհասկանան, որ իր աղջիկը ո՛չ խելացի է, ո՛չ շնորհքով է, ո՛չ էլ աշխատասեր։ Անբան Հուռիի մայրիկը փեսային ասում է, որ եթե այդպես շարունակի աշխատացնել իր աղջկան, նա կտգեղանա և հրեշի կվերածվի։ Լսելով մոր խոսքերը՝ անխելք Անբան Հուռին վախից ուշաթափվում է։ Երբ ուշքի է գալիս, որոշում է, որ այլևս անկողնուց վեր չի կենալու, ու ոչինչ չի անելու։ Էդպես տարիններն անցնում են, Անբան  Հուռին հյուծվում է ոչինչ չանելուց ու ծեր պառավ դառնում։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով