«Իմ տոհմը»

Ես Կարեն Հովհաննիսյանն եմ, սերում եմ Հովհաննիսյանների մեծ տոհմից։ Հովհաննիսյանների տոհմի հիմնադիրներն են համարվում Պողոս և Պետրոս եղբայրները, որոնք արծաթագործներ էին և տեղափոխվել էին Ռուսահայաստան։ Հայրական մեծ տատիկիս տոհմը Կարսում հարգված և ազդեցիկ Զուռնաչյանների տոհմն էր։ 1918 թվականին, երբ տեղացի թուրքերը Օսմանյան կայսրության աջակցությամբ ապստամբեցին և ցեղասպանությունը հասավ Կարսի մարզ, տոհմի մի զգալի մասը, այդ թվում՝ մեծ տատիկիս հայրը՝ Ռուբեն Աղա Զուռնաչյանը, զոհվեց։ Փրկվածների մեջ էր նաև իմ չորս տարեկան մեծ տատիկը՝ Արաքսյան։ Տոհմի ներկայացուցիչները հետագայում բնակություն են հաստատել Շիրակի դաշտավայրում, Թիֆլիսում և Ռուսաստանի հարավում։ Հորական տատիկիս հայրը՝ Սանասարը, Արդահանից էր և նույնպես հարկադրված էր տեղափոխվել Շիրակի դաշտավայր։ Հորական պապիկիս մայրը՝ Հասմիկ մեծ տատս, դեռ պատանեկան տարիքում դաստիարակ էր աշխատում Ալեքսանդրապոլի հայտնի ամերիկյան որբանոցում։ Իր աշխատանքի բերումով նա անձամբ հանդիպել և շփվել է այն ժամանակվա նշանավոր գործիչների՝ Դրոյի, Անդրանիկի և կառավարության անդամների հետ։ Նրա ապագա ամուսինը՝ իմ մեծ պապիկ Մկրտիչը, 1918 թվականին որպես շնորհալի երիտասարդ դարձել է նորաբաց համալսարանի առաջին ուսանողներից մեկը։ Հետագայում նա դարձել է մանկավարժ և աշխատանքի բերումով տեղափոխվել է Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Մաստարա գյուղի դպրոցում աշխատելու տարիներին ծնվել է իմ պապիկը՝ Վլադիմիրը։ Պապիկս սննդի արդյունաբերության մասնագետ է, գիտությունների դոկտոր, և հանդիսանում է մինչ այժմ գոյություն ունեցող մսի արտադրության վերաբերյալ բուհական առաջին և միակ դասագրքի հեղինակը։ Հայրական տատիկս՝ Լաուրան, նույնպես մանկավարժ էր։

Մայրս սերում է Պողոսյանների մեծ տոհմից։ Իմ մորական պապիկի և տատիկի անուններն են Նորիկ և Անուշ։ Մորական տոհմիս նախնիները՝ Պողոսյանները, սերում են Սյունիքից, իսկ ավելի հեռավոր նախնիները Սյունիք են տեղափոխվել Արցախից։ Պապիկիս պապը՝ Արտաշեսը, սովորել է Շուշիի ռեալական գիմնազիայում Մորական կողմից մեծ պապս՝ Բայանդուրը, եղել է Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներից մեկը։ Նա երկար տարիներ ղեկավարել է Դավիթ Բեկ գյուղի միջնակարգ դպրոցը որպես տնօրեն՝ միաժամանակ դասավանդելով աշխարհագրություն և պատմություն առարկաները։ Այդ տարիներին Դավիթ Բեկի դպրոցը առանձնանում էր իր բարձր առաջադիմությամբ և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շրջանավարտներով։ Մեծ պապս արժանացել է «Վաստակավոր ուսուցչի» բարձր կոչման։ Մայրական կողմից մեծ տատս՝ Աղավնին, սերում էր Սյունյաց մելիքների ազնվական տոհմից։ Նա եղել է Դավիթ Բեկ գյուղի գրադարանի վարիչը և ակտիվորեն մասնակցել է գյուղի մշակութային կյանքին։ Մասնավորապես, բազմաթիվ գլխավոր դերեր է կատարել գյուղի մշակութային կենտրոնի ղեկավարած թատերախմբում, որը հաջողությամբ է հանդես եկել Խորհրդային Հայաստանի տարբեր քաղաքներում։ Այսպիսով, մորական կողմի իմ նախնիները կրթության, մշակույթի և ծառայության մարդկանց տոհմ են՝ ովքեր իրենց աշխատանքով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ թողել են անջնջելի հետք ոչ միայն իրենց ընտանիքի, այլև համայնքի պատմության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով