Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Պատմությունը մեզանից շատ տարիներ առաջ ապրած մարդկանց անցյալում տեղի ունեցած իրադարձությունների ամբողջությունն է, որը հաճախ անվանում են նաև ժողովրդի հիշողություն:

Պետք է շատ լավ իմանալ պատմությունը, քանի որ դրա շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում, գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ կորցրել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը, որի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

2. Ւ՞նչ է դարը:

Մեկ դարը հարյուր տարին է։ 

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում կարող ենք հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը։

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

Ես ծնվել եմ քսանմեկերորդ դարում ։

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ. (1-րդ դար), 301թ. (4-րդ դար), 2019թ. (21-րդ դար), 405թ. (5-րդ դար), 451թ. (5-րդ դար), 1031թ. (11-րդ դար), 1890թ. (19-րդ դար), 1900թ. (20-րդ դար), 678թ. (7-րդ դար), 980թ. (10-րդ դար), 760թ. (8-րդ դար), 540թ. (6-րդ դար):

Մայրենի (առաջադրանքներ)

Դարձվածքների բառարանից օգտվելով բացատրի՛ր տրված դարձվածքները։

Հոնքերը կիտել- տխրությունից՝ բարկանալուց ևն մռայլվել, բարկանալ

թև տալ- խրախուսել, ոգևորել, հովանավորել

Զգալ ինչպես ձուկը ջրում- հարմարավետ զգալ, չնեղվել, բնական միջավայրում իրեն զգալ

գլխին սառը ջուր լցնել- հուսախաբ անել, հուսահատեցնել, հիասթափեցնել

փեշի քարերը թափել- զիջել, տեղի տալ, համառությանը վերջ տալ

Եթե բառերը ճիշտ առանձնացնես, շուտասելուկը կկարդա՛ս։

Սա ասի՝ նա կանի,

Նա ասի՝ սա կանի:

Բառակապակցությունները ճի՛շտ դասավորիր և կարդա՛ թաքնված ժողովրդական առածը։

Ամեն անգամ խնձոր պոկելիս, ծառ տնկողին միտքդ բեր։

Կարդա՛ և գուշակի՛ր հանելուկի պատասխանը։

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

Լուսին

Հոմանիշների բառարանից օգտվելով գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շտապ- շուտափույթ, անհապաղ, անմիջապես, իսկույն

գողտրիկ- գեղեցիկ, քնքուշ

առատ- լիքը, շատ, անբավ, լեցուն

ջինջ- մաքուր, հստակ, վճիտ, զուլալ, պարզ

աննման- չքնաղ, սքանչելի, չնաշխարհիկ, եզակի, աննման

պերճ- շքեղ, ճոխ, փառավոր

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր և բառակապակցություններ ստացիր։

ճանապարհ- հարթ/երկար/կարճ/լայն/խորդուբորդ/ ճանապարհ

պարտեզ- մեծ/փոքր/չքնաղ/ծաղկաշատ/ծաղկազարդ պարտեզ

ջուր- մաքուր/խմելու/ոռոգման/ ցեխոտ/աղի/քաղցրահամ ջուր

գետ- երկար/կարճ/լայն/ջրառատ/սակավաջուր գետ

աշուն- գույնզգույն/ոսկեզօծ/անձրևոտ/ տերևաշատ աշուն

եղանակ- գարնանային/աշնանային/ամառային/ձմեռային/ցուրտ/ անձրևային եղանակ

Գտի՛ր և առանձնացրո՛ւ բառերում թաքնված արմատները։

Գեղեցկատես- գեղեցիկ և տեսնել

գունապնակ-գույն և պնակ

մտասույզ- միտք և սուզվել

մրգահյութ- միրգ և հյութ

ժպտերես-ժպիտ և երես

փշածածկ- փուշ և ծածկ

Տրված արմատները միացնելով բարդ բառեր կազմի՛ր։

վարդ+ գույն= վարդագույն 

ժպիտ դեմք=ժպտադեմ

քաղցր + համ=քաղցրահամ

կես + օր= կեսօր

մեծ+հասակ=մեծահասակ

բարձր +ձայն= բարձրաձայն